ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Պահպանենք ու ապրեցնենք մեր պատմական հիշողությունը

Պահպանենք ու ապրեցնենք մեր պատմական հիշողությունը
29.05.2025 | 11:29

1985 թվականին էկրանավորվեց մեր ազգի պայքարի, մաքառումների ու վերածննդի մարմնավորումը դարձած՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը. արվեստագետներ` բեմադրող ռեժիսորներ Գրիգոր Չալիկյանն ու Հերբերտ Գասպարյանը, բեմադրող օպերատոր Բորիս Պետրոսյանն ու բեմադրող նկարիչ Աշոտ Համբարձումյանը ստեղծեցին մի ոգեղեն, էպիկական հեռուստաներկայացում, որը սերունդներին է փոխանցում Մուսա լեռան հերոսամարտի պատմական-գաղափարական դասերը։

-Ազատությունը զենքի ծայրին է,-սա էր Մուսա լեռան հերոսամարտի դասերից մեկը:

Վասն հավատի ու հայրենյաց պայքարելու ոգին հայ ժողովրդի մեջ չմարեց անգամ այն ժամանակ, երբ Հայոց ցեղասպանության պատճառով կորցրեցինք Արևմտյան Հայաստանը:

Պատմության էջերում քանի՞ օրինակ կգտնենք, որ մի ժողովուրդ, իր պատմական բնօրրանում ենթարկվելով ցեղասպանության և հայրենազրկման, դեռ կարողանում է մաքառել թշնամու դեմ և հաղթել:

1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության ոսկե էջերից են, երբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հաղթելով ցեղասպան թշնամուն` մեր պապերը կերտեցին Հայաստանի Առաջին հանրապետությունը` գրեթե մեկ հազարամյակ տևած դադարից հետո վերածնունդ տալով Հայոց պետականությանը:

1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի այս օրերին հատկապես մեր պատմության էջերը ոչ մի վայրկյան մոռանալու իրավունք չունենք։

Մեր գոյապայքարը շարունակվում է հանուն Արցախը թշնամուց վերաազատագրելու։ Դա մեզ համար անվախճան ճանապարհ է, որը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել պատմական արդարությունը:

Առաջարկում եմ ևս մեկ անգամ դիտել ու հիշել մեր պատմության հարյուրամյա դասերը:

Դիտենք 5 մասից բաղկացած այս հեռուստաներկայացումը ու հիշենք, որ մենք ոչ միայն Մուսա լեռան հերոսամարտի, այլև Սարդարապատի, Բաշ -Ապարանի, Ղարաքիլիսայի պատմական ճակատամարտերի մասնակից մեր նախնիների ժառանգներն ենք։ Հիշենք ու ամուր պահենք մեր Կենաց ծառի արմատը:

Մուսա լեռան հերոսամարտից անցել է 110 տարի։ Եվ մեր` սերունդներիս պատմական հիշողության մեջ պիտի ապրեն նաև այն գործիչները, ովքեր պայքարում էին հայ ժողովրդի իրավունքների համար։

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այս օրերին ` Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցավ ֆրանսիացի ծովակալ Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարի հանդիսավոր բացումը՝ ի նշան երախտագիտության և Մուսա Լեռան հերոսամարտի 110- ամյակի:

Լուի Դարթիժ դյու Ֆուռնեն եղել է այն ռազմական գործիչը, ով 1915 թ. Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ զբաղեցրել է ֆրանսիական արևելյան նավատորմի փոխծովակալի պաշտոնը և, չսպասելով ֆրանսիական կառավարության հրահանգին, որոշում է կայացրել օգնության հասնել անհավասար պայքարի մեջ գտնվող մուսալեռցիներին, ինչի շնորհիվ 4000-ից ավելի մուսալեռցիներ փրկվել են և տեղափոխվել Եգիպտոս՝ Պորտ Սաիդ։

Այսուհետև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատին, ի թիվս հայ ժողովրդի բարեկամների, կարդալու ենք նաև ծովակալ Ֆուռնեի անունը։

Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի ժառանգները:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ներկայացման հղումը՝ https://www.youtube.com/watch?v=5kfRt3DI3vg

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ